ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի հայտարարությունը։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա»,-ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, բազա, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,-ասել է նա։

