Հայաստանի ու Ադրբեջանի կարգավիճակն իջեցնո՞ւմ են. քաղաքական վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հայաստանի ու Ադրբեջանի կարգավիճակն իջեցնո՞ւմ են։ Ղրղզստանում տեղի ունեցած՝ Շանհայի գործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հավաքը որոշել է, որ բոլոր այն երկրները, որոնք ունեն կազմակերպության դիտորդի կամ «երկխոսության գործըկերոջ» կարգավիճակ, բերվելու են մեկ միասնական՝ ՇԳԿ գործընկերոջ կարգավիճակի։ Այդ մասին ԱԳ նախարարների հավաքից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, նշելով, թե հույս ունեն, որ այդ երկրները դժգոհ չեն լինի դրանից։
Ըստ որոշման, այդպիսով, այսպես ասած հավասարեցնելով կարգավիճակը, ստեղծվում է կազմակերպությանն անդամակցելու ավելի արագ նախադրյալ։
Այստեղ կա մի ուշագրավ հարց, կապված Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Երևանն ու Բաքուն ներկայացրել էին անդամության հայտ՝ ունենալով դիտորդի կարգավիճակ։ Հիմա, փաստորեն անդամության թեկնածուի կարգավիճակը իջեցվո՞ւմ է, եթե բոլորը ստանում են գործընկերոջ կարգավիճակ։ Իհարկե որպես այդպիսին, անդամության թեկնածուի իրավական, ֆորմալ կարգավիճակ Շանհայի կազմակերպությունը չունի, բայց Հայաստանի ու Ադրբեջանի անդամության հարցը արդեն իսկ նախորդ գագաթնաժողովի սեղանին էր։ Իհարկե եղան Պակիստանի ու Հնդկաստանի վետոները՝ համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։
Օգոստոսի 31–ից սեպտեմբերի 1–ին լինելու է հերթական գագաթնաժողովը Բիշքեկում, և որևէ տեղեկություն չկա, թե լինելո՞ւ է արդյոք վերադարձ Հայաստանի ու Ադբեջանի անդամության հարցին, թե՞ այն դուրս է բերվել օրակարգից և դիտվելու է ավելի մեծ փաթեթի շրջանակում։
Եթե օգոստոսի վերջին չեղավ վերադարձ Հայաստանի և Ադրբեջանի անդամության հարցին, ապա դա թերևս կնշանակի, որ այդ հարցը նախորդ տարի նույն ժամանակահատվածում օրակարգում է հայտնվել պարզապես աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստի բերումով և ըստ էության դարձել նաև ներշանհայան հակասությունների պատճառ։ Այսինքն, կազմակերպությունից դուրս օրակարգերի բերումով հարցը հայտնվել է կազմակերպության սեղանին, ինչպես ենթադրել եմ դեռ այն ժամանակ, իսկ այդ սեղանի շուրջ նստողներն արդեն ունեցել են այլ մոտեցումներ և պայմաններ։
Հիմա եթե հարցը չի վերադառնում օրակարգ, ապա կնշանակի, որ փոխվել է միջազգային ֆոնը։ Որովհետև, մեկ տարին թերևս բավարար ժամանակ կլիներ կազմակերպության ներսում այդ հարցում կոնսենսուս ձևավորելու համար»։

