Այսօրվանից հայկական կաթնամթերքը ՌԴ չի արտահանվի
Հուլիսի 27-ից ուժի մեջ են մտնում Հայաստանում արտադրված կաթնամթերքի՝ ՌԴ արտահանման սահմանափակումները։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ավելի վաղ Ռոսսելխոդնադզորի տարածած հաղորդագրությունը։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով նախորդ տարիների վիճակագրական տվյալները, նշում է, որ սահմանափակումների հետևանքով Հայաստանը կզրկվի պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսից։
Հիշեցնենք, որ ռուսական պետական մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 14-21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու՝ հիմնվելով անասնաբուժական ծառայության տրամադրած երաշխիքների վրա։
«Կատարված աշխատանքը հաստատել է նույնատիպ խախտումներ, որոնք արձանագրվել էին 2023-2024 թվականների ստուգումների ընթացքում։ Դրանք վերաբերում են հետագծելիության համակարգի ապահովմանը, հումքի և պատրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրական հսկողության ծրագրերի իրականացմանը։
Ընթացիկ ստուգման շրջանակներում հաստատվել է վարակված գլխաքանակից ստացված կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար։
Հաստատվել են ռուսաստանյան շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության նպատակով երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրված հավաստիացումներին տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման վերաբերյալ»,- նշված էր «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում։
Ի պատասխան ՍԱՏՄ-ից հայտարարեցին, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել: Ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:

