ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս

Բրյուսելը պահանջելու է Վաշինգտոնից պարզաբանումներ նոր մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ, դրանց հայտարարությունը համայնքի համար տհաճ անակնկալ է դարձել: Այս մասին ասել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք գործարք ունեինք Ամերիկայի հետ, և մենք հետևում էինք այդ գործարքին։ Մեզ համար այս պայմանավորվածությունների չպահպանումը տհաճ անակնկալ դարձավ», – ասել է Կալլասը:

Բացի այդ, նա մատնանշել է նոր սահմանափակումների անհիմն լինելը։ Նրա խոսքով՝ եվրոպական աշխատանքային օրենսդրությունն ավելի լավն է, քան ամերիկյանը, համայնքի երկրներում կա վճարովի արձակուրդ, կան շատ լավ աշխատանքային պայմաններ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի պատրվակով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ տուրքերի չափը կազմել է 10%-ից մինչև 12,5%։ Սահմանափակող միջոցառումներ սահմանվել են 60 երկրի, այդ թվում՝ Եվրամիության պետությունների նկատմամբ։ Տուրքերն ուժի մեջ են մտել այսօր՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 00:01-ին (Երևանի ժամանակով 08:01-ին): Այսպիսով, դրանք փաստացի փոխարինելու են ամերիկյան ներմուծման նկատմամբ ժամանակավոր գլոբալ տուրքերին, որոնք ուժի մեջ էին մտել փետրվարի 24-ին՝ 150 օր ժամկետով։ Այս պահին փոխադրման գործընթացում գտնվող ապրանքների համար տուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը։

Ինչպես նշում է Reuters-ը, տուրքերի ազդեցությունից դուրս կբերվի ապրանքների ցանկը, այդ թվում՝ նավթը, գազը, պարարտանյութերը, սննդամթերքի որոշ տեսակներ, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ արդեն գործում են ամերիկյան տուրքերը, այդ թվում՝ ավտոմեքենաները, պողպատը, ալյումինը և պղինձը։ Բացի այդ, տուրքերը չեն կիրառվի այն ապրանքների նկատմամբ, որոնք ընկնում են ԱՄՆ-ի, Մեկսիկայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագրի գործողության տակ։ ԱՄՆ-ի կարծիքով՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցառումներ ձեռնարկած երկրների նկատմամբ տուրքերը կկազմեն 10%, իսկ մնացած պետությունների նկատմամբ՝ 12,5%։