Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում  իրականացվում է ընդունելության նոր կարգով։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով՝ երկու քայլով

Քայլ 1 – Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման  ուղեցույցում։

Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: