Ակնկալում ենք աջակցության ծրագրեր․ ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Վաղ առավոտից հարյուրավոր ձկնաբույծներ հավաքվել են կառավարության մոտ։ Նրանք բողոքում են արտահանման խնդիրներից, ձկնաբույծերի խոսքով՝ այս պահին մոտ 15 հազար տոննա ձկնամթերք կա, որը չեն կարողանում արտահանել։

Նշենք, որ օրերս կառավարությունը հայտարարեց ԵՄ երկրներ ձկնամթերք արտահանելու մասին, սակայն ձկնաբույծները պնդում են, որ դա խնդիրը չի լուծում, քանի որ ամիսներ կտևի մինչև կարողանան արտահանումը ԵՄ երկրներ կազմակերպել։

«Ակնկալում ենք աջակցության ծրագրեր։ Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական ծրագրեր են, ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու»,-կառավարության շենքի դիմաց ձկնաբույծների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց  ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ձկնաբույծները պահանջում են հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ, էկոնոմիկայի նախարարին չեն ցանկանում, որովհետև նրան արդեն հանդիպել են։

Նրա խոսքով՝ կառավարության ձևական որոշումներով փորձում են հանրության ցույց տալ, որ խնդիր են լուծում։

Նա նշեց, որ խնդիրը չի լուծվել  ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգով, ոչ էլ արտահանման սուբսիդիայով, որովհետև եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որ գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամաից եվրոպական շուկայում սպառելը անիրատեսական է․ խոսքը 15 հազար տոննա կենդանի ձկների մասին է։

Ձկնաբույծները ցանկանում են, որ պետությունը ֆինանսական աջակցություն տրամադրի, մինչև արտահանման խնդիրները լուծվեն, ինչից հետո այդ գումարը կվերադարձնեն բյուջե։