Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան

ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ  Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է Գ. Ծառուկյանի փաստաբան Էմին Երիցյանը։

«Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը»,-մանրամասնում է փաստաբանը։