Փաշինյանի քայլերը սպառնալիք են, բռնատիրական զինանոցը գործի է դրվել․ Ռոբերտ Ամստերդամը՝ 24News-ին
Ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան, «Amsterdam & Partners» ընկերության հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը բացառիկ հարցազրույց է տվել 24News-ին։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
«-Պարոն Ամստերդամ, օրերս դատարանը երկու ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի խափանման միջոց՝ տնային կալանքը, նիստին դատախազը պնդում էր, որ եթե տնային կալանքը վերացվի, ապա Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, մինչդեռ՝ ընտրությունների նախաշեմին, նա հանդիպել է երկու տասնյակ հազարից ավել քաղաքացիների հետ և չի արձանագրվել դեպք, որ նա փորձ է արել խոչընդոտել կամ ազդել գործի քննության վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի որոշումը։
– Սա արդարադատության ակնհայտ խեղաթյուրում է, որտեղ դատավարական ընթացակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին։ Իրավական պրակտիկայում խափանման միջոցը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պահանջում է փաստական հիմքեր։ Երբ մարդը նախընտրական ամենաակտիվ շրջանում հանդիպում է տասնյակ հազարավոր քաղաքացիների և դրսևորում բացարձակ օրինապահ վարքագիծ, «քննությանը խոչընդոտելու» վարկածը զրկվում է որևէ իրավական տրամաբանությունից։
Տնային կալանքի երկարաձգումն այս պարագայում ոչ թե արդարադատության ապահովում է, այլ պատժիչ գործիք՝ ուղղված անձին քաղաքական և հանրային կյանքից մեկուսացնելուն։ Դատարանների կողմից դատախազության անհիմն միջնորդությունների կուրորեն դրոշմակնքումը փաստում է մեկ բան՝ Հայաստանում դատական համակարգը դեռևս չունի անկախություն և գործում է որպես գործադիր իշխանության քաղաքական կամքի կատարածու։
-«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ, քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու պահանջով, սակայն ԿԸՀ-ն հայտը հետ ուղարկեց ժամկետը լրանալու պատճառով։ Ի՞նչ եք կարծում, նոր զարգացումներ կարող է լինեն։ Ընդգծենք, որ Դատախազությունը չի պարզաբանում, թե ի՞նչ քրգործով է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրհետապնդման միջնորդություն ներկայացրել։
-Խորը ցավ ու ափսոսանք եմ զգում, որ այսօր Հայաստանում ստիպված ենք քննարկել նման սցենարներ։ Սա ողբերգություն է մի երկրի համար, որը հավակնում է կոչվել ժողովրդավարական։ Ակնհայտ է, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի, իսկ դատախազությունը վերածվել է կույր գործիքի, որը պատվերներ է կատարում՝ առանց նույնիսկ տարրական իրավական հիմնավորումներ ներկայացնելու։ Նույնքան ակնհայտ է նաև մեկ այլ իրողություն. Նարեկ Կարապետյանը որևէ հանցանք չի գործել։
Նա բացարձակ հանգիստ ու վստահ շարունակում է իր քաղաքական պայքարը՝ ամենօրյա ռեժիմով հանդիպելով քաղաքացիների հետ, լսելով նրանց։ Եվ հենց այս հանգստությունն ու ժողովրդի հետ կենդանի կապն է, որ ամենից շատն է նյարդայնացնում ու հունից հանում իշխանություններին։ Երբ դու չես կարողանում վախեցնել կամ կոտրել քաղաքական գործչին, քեզ մնում է միայն դատախազական անհիմն թղթերով ճնշումներ բանեցնելը։
-Հայաստանում ընտրություններից հետո կալանավորվեցին մի շարք ընդդիմադիր գործիչներ, անազատության մեջ է գտնվում «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ընտրացուցակում ներառված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը, ավելի վաղ կալանավորվել էր ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ Դուք այս գործընթացները կապո՞ւմ եք, ընտրություններին նրանց կողմից քաղաքական ակտիվություն ցույց տալու հանգամանքի հետ։
-Միամտություն կլիներ տեղի ունեցողը զուտ զուգադիպություն համարելը։ Սա ոչ թե առանձին իրավական գործընթացների շարք է, այլ նախապես ծրագրված քաղաքական զտում, որն ուղղակիորեն կապված է ընտրություններում այդ գործիչների ցուցաբերած ակտիվության և ազդեցության հետ։
Երբ ընտրարշավի ընթացքում կամ ընտրություններիցանմիջապես հետո թիրախավորվում են ընդդիմության առանցքային դեմքերը, միջազգային հանրությանը հստակ ազդակ պետք է լինի. իշխանությունը չունի բավարար քաղաքական լեգիտիմություն՝ բաց բանավեճով մրցակցելու համար, ուստի անցնում է ուժային չեզոքացման տակտիկային։
Օրենքի գերակայությունը ենթադրում է հավասար խաղի կանոններ, մինչդեռ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը ծառայում է որպես գործադիրի «քաղաքական մտրակ»՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին, ոչ թե ժողովրդավարական պետություններին։
-Ինչո՞վ է պայմանավորված արևմտյան երկների լռությունը։
-Արևմուտքի խլացուցիչ լռությունը պայմանավորված է զուտ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով և երկակի ստանդարտներով։ Ցավոք, այսօր Արևմուտքի շատ երկրների պաշտպանությունը դիտարկում են քաղաքական նպատակահարմարության պրիզմայով։
Արևմուտքը, կենտրոնացած լինելով Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշման և տարածաշրջանային շահերի վրա, պատրաստ է աչք փակել Հայաստանի իշխանությունների ցանկացած վարքագծի և ապօրինության վրա՝ միայն թե պահպանի իրեն ձեռնտու աշխարհաքաղաքական կուրսը։ Բայց սա կարճատես ու վտանգավոր խաղ է։ Ժողովրդավարության անվան տակ ընդդիմադիրների բացահայտ հալածանքներն ու դատական կամայականություններն անտեսելով՝ Արևմուտքը ոչ միայն դավաճանում է իր հռչակած արժեքներին, այլև հենց ինքն է հող նախապատրաստում և պարարտ միջավայր ստեղծում մեկ այլ բռնատիրության ձևավորման ու ամրապնդման համար:
– Կանանց իրավապաշտպան կառույցների լռությանը ականատես եղանք, օրերս անչափահաս երեխա ունեցող ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանի կալանավորման վերաբերյալ։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր դարձել է սոսկ շահարկման առարկա, որտեղ գործում է բացահայտ կողմնակալություն։ Կանանց իրավունքներով զբաղվող կառույցների լռությունն այնպիսի իրավիճակում, երբ անչափահաս երեխա ունեցող ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանին տանում են կալանավայր, պարզապես խայտառակություն է։
Եթե նույնն պատահեր իշխանամետ կամ արևմտյան հայացքներ ունեցող որևէ ակտիվիստի հետ, այսօր ականատես կլինեինք բողոքի հայտարարությունների ու միջազգային արձագանքների մի իսկական հեղեղի։ Բայց քանի որ թիրախում ընդդիմադիր գործիչ է, իրավապաշտպանները նախընտրում են ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Այսպիսի երկակի ստանդարտները հիմնահատակ ոչնչացնում են այդ կառույցների վստահելիությունը՝ ցույց տալով, որ մարդասիրությունն ու մայրության իրավունքը նրանց համար երկրորդական են, երբ խաղի մեջ է մտնում քաղաքական շահը։
-Փաշինյանը խոսում է ընդդիմադիր լիդերներին սնանկացնելու մասին, նրանց ունեցվածքը պետականացնելու ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ «Արարատ ցեմենտ»-ի դեպքում, որքանով է այս ամենը տեղավորվում իրավական դաշտում։
– Տեղի ունեցողը պարզապես հարձակում է սեփականության իրավունքի վրա և պետական մակարդակով իրականացվող ռեկետ։ Երբ երկրի ղեկավարն օգտագործում է«սնանկացնելու» սպառնալիքներ, կայացնում է պետականացնելու կամայական որոշումներ այնպիսի խոշոր ձեռնարկությունների նկատմամբ, ինչպիսիք են ՀԷՑ-ը կամ «Արարատ ցեմենտը», նա ոչնչացնում է երկրի տնտեսական ապագան։
Միջազգային ներդրողների համար սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը բացարձակ կանոն է։ Ոչ մի լուրջ արտասահմանյան կապիտալ երբեք չի մտնի մի երկիր, որտեղ վարչապետը կարող է միանձնյա որոշել, թե ում գույքը խլել կամ ում սնանկացնել՝ ելնելով իր քաղաքական հաշվարկներից։ Սա կապիտալի փախուստի և տնտեսության մեկուսացման ուղիղ ճանապարհն է։
Նման հայտարարությունները հղի են նաև միջազգային արբիտրաժային դատարաններում խոշոր հայցերով, որոնց ֆինանսական ծանր հետևանքները, ի վերջո, ստիպված են լինելու վճարել Հայաստանի հարկատուները։ Օրենքի գերակայությունը սկսվում է սեփականության իրավունքի պաշտպանությունից, իսկ այն, ինչ տեսնում ենք այսօր, բոլշևիկյան բռնագրավման մեթոդների վերադարձ է՝ քողարկված ժողովրդավարական կարգախոսներով։
–Արդյո՞ք երկրի ղեկավարի հայտարարությունները չեն կաշկանդում իրավապահ համակարգին՝ օբյեկտիվ գործելու համար։
-Միանշանակ կաշկանդում է։ Եվ դա անգամ ապացուցելու կարիք չունի։ Իմ վստահորդ Սամվել Կարապետյանի օրինակը հենց դա է փաստում․ Փաշինյանի գրառումից անմիջապես հետո իրավական և դատական համակարգը անցան Սամվել Կարապետյանի դեմ տոտալ ճնշումների և նրան ազատությունից զրկելուն։
Երբ երկրի ղեկավարն ինքն է հպարտանում, թե Հայաստանում իր ասածին դեմ գնացող դատավոր չկա, էլ ի՞նչ անկախության կամ օբյեկտիվության մասին կարող է խոսք լինել։ Իրավապահներն ու դատարաններն ուղղակի սպասում են հերթական ազդանշանին՝ հարձակվելու համար։
-Հետևե՞լ եք արդյոք քարոզարշավին, երկու կողմերից հնչած հայտարարություններին, արդյո՞ք դրանք սպառնալիք պարունակում են։
-Այո՛, հետևել եմ, և այստեղ պետք է շատ հստակ սահմանագիծ քաշել երկու կողմերի միջև։ Ընդդիմության կողմից հնչում էր քաղաքական սուր քննադատություն, որը լիովին տեղավորվում է ժողովրդավարական բանավեճի կանոններում։ Մինչդեռ իշխանության պատասխանը բոլորովին այլ դաշտից էր։
Փաշինյանը ոչ միայն չէր հանդուրժում իր հասցեին հնչող որևէ այլախոհ խոսք, այլև անցել էր բացահայտ հարձակման։ Նրա հռետորաբանությունը «սատկացնելու», «սնանկացնելու» և մարդկանց «բոմժ» դարձնելու սպառնալիքների մասին էր։ Ընդ որում, այդ ագրեսիան միայն ընդդիմադիր առաջնորդների դեմ չէր. նա հարձակվում էր անգամ փողոցում իրեն հանդիպող սովորական քաղաքացիների վրա, ովքեր համարձակվում էին իրենց դժգոհությունն արտահայտել։
Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ կասեմ՝ այո՛, Փաշինյանի արածը բացահայտ սպառնալիք էր, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է նա անցնում այդ սպառնալիքների իրագործմանը։ Իսկ թե որքանով նրան կհաջողվի ավարտին հասցնել այս ամենը, արդեն շատ բան կախված է նաև հայ ժողովրդի դիմադրությունից։
-Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը և արձանագրված արդյունքները։
-Այս ընտրությունների ընթացքում մենք արձանագրեցինք աննախադեպ չափերի հասնող խախտումներ՝ վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում, պետական աշխատողների ահաբեկում, ուղղորդված քվեարկություններ և վստահված անձանց նկատմամբ ճնշումներ։ Պետական ողջ մեքենան բառացիորեն լծված էր իշխող ուժի համար ձայներ կորզելուն։
Բայց ամենակարևորն այն է, որ նույնիսկ այս տոտալ վախի մթնոլորտի, ճնշումների ու ձայների համակարգված գողության պայմաններում՝ իշխանությունը չկարողացավ իր համար ապահովել 50+ ձայներ։
Սա սկզբունքային փաստ է։ Այն ապացուցում է, որ նույնիսկ բռնատիրական ողջ զինանոցը գործի դնելով՝ նրանք չունեն հանրության մեծամասնության աջակցությունը։
-Բարձր դատարանի որոշումը ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Սահմանադրական դատարանի որոշումն ինձ համար ամենևին անակնկալ չէր. մենք պատրանքներ չունեինք։ Բայց եկեք փաստերը նայենք։ Այս ընտրություններից հետո մասնակից ընդդիմադիր 7 քաղաքական ուժ՝ այդ թվում իմ վստահորդի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, բողոքարկեցին ընտրությունների արդյունքները ՍԴ-ում։ Սա արժանի է ուշադրության։
Ես հետևում էի իմ հայաստանյան գործընկերների, մասնավորապես՝ Արամ Վարդևանյանի, հայաստանյան իրավաբանական թիմի ներկայացրած հիմնավորումներին ու փաստարկներին։ Դրանց փաստահենությունն ու իրավական ուժն ինձ համար միանգամից ակնհայտ դարձան. ներկայացված էին համակարգային կեղծիքների ու ճնշումների անհերքելի ապացույցներ։
Սակայն, ինչպես և սպասվում էր, Բարձր դատարանը չկարողացավ, ավելի ճիշտ՝ չհամարձակվեց պահել իր անկախությունը։ Ու դա զարմանալի չէ, չէ՞ որ այս Սահմանադրական դատարանի բոլոր անդամներն էլ նշանակվել են հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Այնտեղ կար դատավոր, որի ակնհայտ կողմնակալությունը պարզապես աչք էր ծակում։ Կայացվեց մի որոշում, որը բացառապես հաճո էր օրվա իշխանությանը։
Բայց, ամեն դեպքում, ՍԴ դիմելն անչափ կարևոր քայլ էր։ Քաղաքական ուժերը պետք է անցնեին այս ճանապարհով, որպեսզի վստահ լինեն՝ սպառել են արդարությունը վերականգնելու իրավական այս միջոցը։

