ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ԱԱԾ-ում հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիետի ներկայացուցիչների, միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ»:

