Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի հեղինակային քանդակները
Հուլիսի 17-ին Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ որպես արվեստագետի սիրո, նվիրումի և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։
Աշոտ Հարությունյանը համարվում է մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը՝ իր նորարարական մտածողությամբ և ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում և մասնավոր հավաքածուներում։
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։

