Քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի մասնակցությամբ հուլիսի 13-16-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «ADEL տվյալների փոխանակման շերտ․ ընթացիկ կարգավիճակ և հետագա քայլեր» թեմայով աշխատաժողովը, որը համախմբել է պետական կառավարման համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ներկայացուցիչներին։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման և թվային փոխգործելիության միջավայրի զարգացման ընթացիկ արդյունքները, ADEL (Armenian Data Exchange Layer) հարթակի ներդրման առաջընթացը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման ուղղություններն ու միջգերատեսչական համագործակցության հնարավորությունները։
ADEL-ը պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների անվտանգ, ստանդարտացված և փոխգործունակ փոխանակումն ապահովող միասնական շերտ է, որը հիմնված է X-Road տեխնոլոգիայի վրա և ստեղծվել է ՀՀ կառավարության որոշման շրջանակներում։
Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ինչպես նաև ԱՆ տեղեկատվական համակարգերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները։
