Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կիրակի օրը հրաժարական է տվել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է կառավարության լայնածավալ վերադասավորումների մեկնարկի մասին՝ հայտնում է Politico-ն։    

Զելենսկու խոսքով, երկիրը փոխում է իր քաղաքական ռազմավարությունը, և արտաքին քաղաքականության յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու կլինի համապատասխան փորձ ունեցող պաշտոնյա, որը կկարողանա իրականացնել առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Զելենսկին չի հայտնել Սվիրիդենկոյի իրավահաջորդի անունը և չի մանրամասնել կադրային փոփոխությունների պատճառները։ Միաժամանակ նա նշել է, որ փոփոխություններ են նախատեսվում նաև իրավապահ մարմինների ղեկավար կազմերում։

Սվիրիդենկոյի հրաժարականը դեռ պետք է հաստատի Ուկրաինայի խորհրդարանը։ Դրա ընդունման դեպքում, ըստ գործող կարգի, հրաժարական կտա նաև երկրի ամբողջ կառավարությունը։

Սվիրիդենկոն նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և վարչապետ էր նշանակվել 39 տարեկանում՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքարդյունաբերության վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացում ունեցած առանցքային դերակատարությունից հետո։