Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը, հարձակման է ենթարկվել 90 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների լրացուցիչ փուլը, որոնք նպատակաուղղված էին հետագայում թուլացնելու Իրանի կարողությունները՝ հարձակվելու առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել շուրջ 90 իրանական ռազմական թիրախի», – ասված է CENTCOM-ի հրապարակման մեջ։

Հրամանատարությունը նշել է, որ հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքային օբյեկտներ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում՝ երկրի տարբեր կետերի վրա հակառակորդի հարձակումներից անմիջապես հետո, ոչնչացրել են Քուվեյթում ամերիկյան «Ալի ալ-Սալեմ» և «Արիֆջան», ինչպես նաև Բահրեյնում «ալ-Ջուֆեյր» և «Շեյխ Իսա» բազաների առանցքային օբյեկտներն ու ենթակառուցվածքները», – ասված է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ամերիկյան հարձակումների կրկնվելու դեպքում Թեհրանը կընդլայնի պատասխան միջոցները, որոնք ուղղված կլինեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ այլ բազաների դեմ։