Արցախահայության էթնիկ զտումը բացահայտեց միջազգային հանրության անգործությունը. Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հաագայում անցկացվող համաժողովում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով միջազգային իրավունքի նկատմամբ վստահության ճգնաժամին և միջազգային կառույցների ընտրովի մոտեցումներին։
Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի գործողությունները բացահայտել են միջազգային հանրության անգործությունը՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքը չի կարող լինել քաղաքական սակարկության կամ ընտրովի կիրառման առարկա։
«Խաղաղության և արդարության քաղաք Հաագայում քննարկում ենք միջազգային հանրության կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը՝ միջազգային իրավունքը։
Պետք է անկեղծ լինեմ․ իմ երկրում՝ Հայաստանում, այսօր շատերն են կասկածի տակ են դնում միջազգային իրավունքի հեղինակությունն ու, առհասարակ, միջազգային աշխարհակարգի հուսալիությունը։
Սակայն միջազգային իրավունքը մեկ օրում չէ խոցելի դարձել։ Այն ամեն անգամ կորցնում է իր հեղինակությունը, երբ իրավախախտումները մնում են անարձագանք, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական պարտավորություններին, և հատկապես այն ժամանակ, երբ նրա սկզբունքներն ու չափանիշները ընտրողաբար են կիրառվում։
Մեր ստանձնած պարտավորությունների և մեր կայացրած որոշումների միջև աճող վիհը պետք է բոլորին մտահոգի։
Ինչպե՞ս կարող ենք հավակնել լինել ժողովրդավարության, անվտանգության և խաղաղության պաշտպաններ, երբ շրջապատված ենք պատերազմներով, երբ երկակի չափանիշների քաղաքականություն վարելով՝ հրաժարվում ենք արձանագրել ակնհայտ խախտումները, իսկ ստանձնած պարտավորությունների և իրականության միջև անջրպետը շարունակաբար խորանում է։
Դժվար է խոսել համընդհանուր արժեքների և սկզբունքների մասին այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ամեն վայրկյան հենց այդ արժեքների շարունակական քայքայմանը ականատես ենք դառնում։
Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ միջազգային իրավունք գոյություն չուներ։ Ադրբեջանի ագրեսիան և դրան հաջորդած էթնիկ զտումը բացահայտեցին մեր հավաքական արձագանքի և վերաբերմունքի չգոյությունը։ Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը, այդ թվում՝ Միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնք պարտադրում էին Արցախի շրջափակման անհապաղ վերացում, տեղահանված բնիկ բնակչության անվտանգ վերադարձի ապահովում դատապարտում էին հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը, ինչպես նաև Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների նկատմամբ շարունակվող շինծու դատավարությունները։
Հարգելի՛ գործընկերներ, ավելի քան ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նկատմամբ վստահությունը խարխլվում է, երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանվում, իսկ միջազգային ապօրինությունները մնում են անպատիժ, մատնվում լռության։
Վերահաստատենք, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, և ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկա։
Մեր սկզբունքներն այնքան են ամուր, որքան մեր կամքն ու պատրաստակամությունը՝ պաշտպանելու դրանք»,-հայտարարել է Գալստյանը։

