Մենք աստվածային երկիր, հրաշալի հայրենիք ունենք, բայց ի տարբերություն Իրանի, Նիկոլի և ոհամակի կողմից արժանապատվությունից զրկված պետություն

Տեսեք ինչպես է պատասխանել Իրանի ղեկավարությունը Թրամփին

 

Կարդում եմ աշխարհի գերտերության՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառնալիքներին ու վերջնագրերին Իրանի ղեկավարության տված պատասխանները: Նաև հիշում Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները, պահանջները և դրանց դեռ հունիսի 7-ի ընտրություններից առաջ էլ ոչ լեգիտիմ Հայաստանի ղեկավարության խեղճուկրակ արձագանքը (հաճախ լռությունը), և ես մեկ անգամ գիտակցում, որ մենք աստվածային երկիր, հրաշալի հայրենիք ունենալով հանդերձ, արտաքին թշնամիների գործակալ կամ կամակատար ներքին թշնամիների կողմից զավթված քնձռոտ պետություն ունենք, որը 2018-ի թավշյա չարիքից ի վեր, երբեք արժանապատիվ պատասխան չտվեց իր արտաքին թշնամուն:

Արժանապատիվ պետության վառ օրինակ է Իրանը:

Իրանում ԱՄՆ-ի նախագահին նրա վերջնագրից հետո խելագար են անվանել: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ- Բաղեր Զոլգադրը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանցիների հասցեին հնչած թարմ սպառնալիքներին:

«Խելագար ամերիկացի նախագահին, որն այսօր սպառնացել է 91 մլն իրանցիներին, ես կասեի. նախկինում, լինելով արմատներից զուրկ 250-ամյա պատմություն ունեցող երկրի նախագահ, դուք նմանատիպ արտահայտություններով խոսել եք մի քանի հազար տարվա պատմություն ունեցող Իրանի քաղաքակրթության ոչնչացման մասին։ Ձեզ համար միակ արդյունքը պարտությունն էր, անօգնականությունն ու հուսահատ աղերսանքները բանակցությունների ու հրադադարի համար»,- գրել է Զոլգադրը X սոցցանցում։

Պաշտոնյան ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը սովոր չէ վերջնագրերի լեզվին: Իրանի ղեկավարության ներկայացուցիչը հավելել է, որ Իսլամական Հանրապետությանը պետք է հարգանքով վերաբերվել, հակառակ դեպքում համապատասխան պատասխան կտրվի:

Թրամփը մինչ այդ լրագրողներին հայտարարել էր, որ Վաշինգտոնը «կամ գործարք կկնքի» Թեհրանի հետ, կամ «կավարտի աշխատանքն» Իրանում: Նա լրատվամիջոցներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն «այսպես թե այնպես հաղթելու է»։

ԱՄՆ-ի նախագահի նոր սպառնալիքներին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հայտարարելով, որ վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի կողմից սպառնալիքները շարունակվեն:

Նրա խոսքով՝ միլիոնավոր իրանցիներ և երկրի զինված ուժերը չեն ենթարկվում սպառնալիքներին:

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ պարբերությունը հստակ նշում է՝ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն,- սոցցանցում գրել է Իրանի արտգործնախարարը։- Հարգեք ձեր ստորագրությունը»:

 

Արթուր Հովհաննիսյան