Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջևանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Այս մասին գրում է «Հետքը»:

Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:  

Սիլոսը նախատեսվում է օգտագործել խոզերի կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Խոսքը 93 տոննա կշռով և 3260 խմ ծավալով 2 հավաքածուի (կոմպլեկտի) մասին է:

Խոզաբուծական համալիրի կառուցման համար, ըստ Կառավարության որոշման հիմնավորման, «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 2,1 մլրդ դրամի ներդրում: Այս գումարը ծախսվելու է շինաշխատանքների կատարման, հողի և հիմնական միջոցների ձեռքբերման, խոզաբուծական համալիրի կառուցման համար։

Ներկա պահին ընկերությունում առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝  340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նշվել է նաև, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Փաշինյանի կառավարությունը «Իջևանյան բեկոնին» աջակցել է նաև նախկինում

Սա առաջին դեպքը չէ, երբ Կառավարությունն աջակցում է «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ին: 2025-ի հուլիսին գործադիրը կայացրել էր մի որոշում, որով հավանություն էր տվել այս ընկերության կողմից խոզաբուծարան հիմնելու ներդրումային ծրագրին ու համաձայնել, որ Արմավիր համայնքը, որում ներառված է Մայիսյան գյուղը, առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ՍՊԸ-ին օտարի այս գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա 25 տարվա վարձակալության:Այդպիսով՝ «Իջևանյան բեկոնը», իրավունք էր ստացել առանց մրցույթի 0,6 հա և 10 հա մակերեսներով համայնքային հողամասեր գնել Մայիսյանում՝ վճարելով համապատասխանաբար 7 մլն և 575 հազ. դրամ: Եվս 4,6 հա հողամաս ընկերությունը կարող էր 25 տարով վարձակալել առանց մրցույթի (վարձավճարը պետք է որոշեր Արմավիր համայնքը): Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աջակցել էր, որ վարչապետի ընկերոջը պատկանող ՍՊԸ-ն առանց մրցակցության 15,2 հա հող ձեռք բերի:

Բացի դրանից՝ մինչև Կառավարության որոշումը ՍՊԸ-ն արդեն իսկ գնել էր ևս 2 հողակտոր այս հողերի հարևանությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: