Երեխայի քնի խանգարում, անհանգստություն, դյուրագրգռություն, քոր հետանցքի շրջանում․ ինչն է պատճառը
Երեխան գիշերը անհանգիստ է քնում, հաճախ քորում է հետանցքի շրջանը, դարձել է դյուրագրգիռ կամ դժվար է կենտրոնանում։ Պատճառներից մեկը կարող է լինել սրատուտը՝ երեխաների շրջանում բավական տարածված մակաբուծային վարակ։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից նշում են, որ սրատուտով վարակվելը միայն վատ հիգիենայի հետևանք չէ։ Այն երեխաների շրջանում տարածված մակաբուծային վարակ է, որը հեշտությամբ փոխանցվում է հատկապես մանկապարտեզում, դպրոցում և տանը՝ ձեռքերի, եղունգների, խաղալիքների, անկողնային պարագաների կամ կենցաղային իրերի միջոցով։
Ամենաբնորոշ նշանը գիշերային քորն է հետանցքի շրջանում։ Հաճախ կարող են լինել նաև՝
քնի խանգարում,
անհանգստություն,
դյուրագրգռություն,
մաշկի գրգռում կամ ճանկռվածքներ,
երբեմն՝ գիշերամիզություն։
Կարևոր է իմանալ․ սրատուտի դեպքում սովորական կղանքի քննությունը միշտ չէ, որ բավարար է, քանի որ մակաբույծի ձվերը հիմնականում դրվում են ոչ թե աղիքի ներսում, այլ հետանցքի շուրջ` մաշկին։
Ախտորոշման առավել նպատակային մեթոդներից է կպչուն ժապավենի թեստը։
Այն կատարվում է առավոտյան՝ մինչև լվացվելը և մինչև զուգարան գնալը։ Կպչուն ժապավենը հպվում է հետանցքի շրջանի մաշկին, ապա ուսումնասիրվում է մանրադիտակով։
Ավելի հուսալի արդյունքի համար թեստը կարող է կրկնվել մի քանի օր շարունակ(սովորաբար երեք օր)։
Երբեմն սրատուտները կարելի է տեսնել նաև անզեն աչքով՝ ներքնազգեստի, անկողնային պարագաների կամ զուգարանի թղթի վրա։
«Սրատուտը վերահսկելի է, բայց ինքնաբուժումը կարող է բերել կրկնավարակման։ Ճիշտ մոտեցումը սկսվում է ոչ թե ենթադրությունից, այլ ախտորոշումից և բժշկի խորհրդատվությունից»,- նշում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

