Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները հստակ վկայում են բնակչության աստիճանական և արագացող ծերացման մասին
Հունիս ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ալցհեյմերի հիվանդության (ԱՀ) և ուղեղի առողջության մասին իրազեկման ամիս։ 2026 թվականին Ամերիկյան Ալցհեյմերի ասոցիացիան (Alzheimer’s Association), որը հանդիսանում է այս նախաձեռնության գլխավոր կազմակերպիչը, իրականացնում է իր արշավը «Վերցրե՛ք ձեր ուղեղի առողջությունը ձեր վերահսկողության տակ» խորագրի ներքո։
«Հերացի» վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, ըստ որի՝ 2026 թվականի պաշտոնական հաղորդագրություններում կազմակերպությունը ընդգծում է բոլոր տարիքային խմբերի շրջանում ուղեղի առողջության նկատմամբ ուշադրության բարձրացման, առողջ կենսակերպի ձևավորման, ճանաչողական խանգարումների վաղ հայտնաբերման կարևորության, ինչպես նաև ԱՀ-ի և այլ դեմենցիաների վերաբերյալ հասարակական իրազեկվածության ընդլայնման անհրաժեշտությունը։
ԱՀ-ն նեյրոդեգեներատիվ բնույթի քրոնիկ, աստիճանաբար առաջընթացող հիվանդություն է, որը բնորոշվում է հիշողության և այլ ճանաչողական ֆունկցիաների պրոգրեսիվ խանգարումներով և ի վերջո հանգեցնում է դեմենցիայի զարգացման։ Ընդհանուր առմամբ, դեմենցիայի դեպքերի շուրջ 50–80%-ի հիմքում ընկած է հենց ԱՀ-ը։ Այն առաջին անգամ նկարագրվել է 1906 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից, ում անունով էլ կոչվել է հիվանդությունը։
Ժամանակակից գիտական տվյալների համաձայն՝ ուղեղում ախտաբանական փոփոխությունները սկսվում են կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց մոտավորապես 20 տարի առաջ։ Այդ երկարատև նախակլինիկական փուլում գլխուղեղը որոշ ժամանակ դեռևս կարողանում է հարմարվել առաջացող փոփոխություններին և պահպանել իր բնականոն գործառույթները, սակայն հետագայում այդ հնարավորությունները սպառվում են, և հիվանդությունը դառնում է կլինիկորեն ակնհայտ՝ արտահայտվելով առօրյա կենսագործունեության աստիճանական խանգարումներով։
ԱՀ-ի զարգացման հիմքում ընկած են գլխուղեղում տեղի ունեցող երկու հիմնական ախտաբանական գործընթացներ՝ բետա-ամիլոիդի կուտակումը և թաու սպիտակուցի փոփոխությունները։ Բետա-ամիլոիդը սպիտակուցային նյութ է, որը հիվանդության դեպքում կուտակվում է նյարդային բջիջների միջև և խաթարում նրանց հաղորդակցությունը։ Մյուս կարևոր փոփոխությունը կապված է թաու սպիտակուցի հետ, որը բնական պայմաններում ապահովում է նյարդային բջիջների բնականոն գործունեությունը։ ԱՀ-ն դեպքում թաու սպիտակուցը ենթարկվում է կառուցվածքային փոփոխությունների և կուտակվում նեյրոնների ներսում, ինչի հետևանքով խաթարվում է բջիջների կենսագործունեությունը և աստիճանաբար տեղի է ունենում դրանց մահը։
Այս երկու գործընթացների համադրությունը հանգեցնում է նեյրոդեգեներացիայի, քրոնիկ բորբոքման և գլխուղեղի ատրոֆիայի, որն առավել արտահայտված է քունքային և ճակատային բլթերում՝ այն շրջաններում, որոնք պատասխանատու են հիշողության, մտածողության և բարձրագույն ճանաչողական գործառույթների համար։
Հիվանդության կլինիկական ընթացքը սովորաբար փուլային է և ներառում է յոթ հաջորդական աստիճաններ՝ սկսած նախասիմպտոմատիկ փուլից մինչև ծանր դեմենցիա, երբ հիվանդը լիովին կորցնում է ինքնուրույն կենսագործունեության կարողությունը և դառնում է մշտական խնամքի կարիք ունեցող։ Վերջին փուլերում հաճախ զարգանում են նաև կենսական ֆունկցիաների խանգարումներ, այդ թվում՝ շնչառական համակարգի բարդություններ, որոնք կարող են ունենալ մահացու ելք։
Համաշխարհային մակարդակում ԱՀ-ը դասվում է մահվան հինգերորդ առաջատար պատճառների շարքին և, ինչպես արդեն նշվել է, կազմում է դեմենցիայի բոլոր դեպքերի մոտ 50–80%-ը։ Անոթային դեմենցիայի բաժինը կազմում է 5–20%, ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիայինը՝ 3–10%, իսկ Լևի մարմնիկներով դեմենցիայինը՝ շուրջ 5%։ Հատկանշական է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց մոտավորապես կեսի դեպքում հանդիպում է նաև խառը տիպի դեմենցիա, երբ միաժամանակ առկա են դեմենցիայի տարբեր ձևերի ախտանշաններ։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տվյալների համաձայն՝ դեմենցիայով ապրող մարդկանց գրեթե երեք քառորդի մոտ հիվանդությունը պաշտոնապես չի ախտորոշվում, ինչը դժվարացնում է հիվանդության ժամանակին հայտնաբերումն ու անհրաժեշտ օգնության կազմակերպումը։
ԱՀ-ի համաշխարհային բեռը զգալի է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին դեմենցիայով ապրում էր շուրջ 57,6 միլիոն մարդ, որոնց մոտ 60%-ը բնակվում էր միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ամեն տարի գրանցվում է մոտ 10 միլիոն նոր դեպք՝ մոտավորապես յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ։ Կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին հիվանդների թիվը կարող է հասնել շուրջ 153 միլիոնի։
Հիվանդության աշխարհագրական բաշխվածությունը խիստ անհավասար է․ դեպքերի մեծ մասը, ինչպես նշվեց, կենտրոնացված է զարգացող երկրներում, և կանխատեսվում է, որ դրանց մասնաբաժինը կաճի մինչև 71%։ Ներկայումս Ասիայում ապրում է շուրջ 22,9 միլիոն, Եվրոպայում՝ 10,5 միլիոն, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 9,4 միլիոն դեմենցիայով անձ։
Միևնույն ժամանակ, ԱՀ-ի տարածվածության առավել բարձր ցուցանիշները արձանագրվում են Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 2025 թվականին 65 և բարձր տարիքի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչն ապրում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ 2000–2019 թվականների ընթացքում հիվանդությունից մահացության մակարդակը երկրում աճել է 145%-ով, ինչը վկայում է խնդրի շարունակական խորացման մասին։
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում իրականացված մետաանալիզի տվյալներով՝ դեմենցիայի համակցված տարածվածությունը կազմում է 12.2%։ Առանձին երկրներում արձանագրվում են տարբեր ցուցանիշներ՝ առավել բարձր տարածվածությամբ Իսրայելում (17.0%), ապա Իրանում (13.2%), Թուրքիայում (11.4%), Սաուդյան Արաբիայում (8.3%) և Եգիպտոսում (6.9%)։
Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության վերաբերյալ համապետական պաշտոնական վիճակագրական տվյալները դեռևս բացակայում են, սակայն առկա ժողովրդագրական ցուցանիշները հստակ վկայում են բնակչության աստիճանական և արագացող ծերացման մասին։ 2024 թվականի տվյալներով՝ 65 և բարձր տարիքային խմբի բնակչությունը կազմել է 14․1%, իսկ կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 74․1 տարի։ Միևնույն ժամանակ, Հայաստանում իրականացվող «Առողջ ուղեղի հայկական ծրագիր» նախաձեռնության շրջանակներում 2022 թվականին կատարված սքրինինգային հետազոտությունը, որն ընդգրկել է 40 և բարձր տարիքի ավելի քան 1000 անձ, ցույց է տվել, որ մասնակիցների 35.7%-ի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ճանաչողական խանգարումներ։ Այս տվյալները փաստում են, որ տարեց բնակչության առողջության պահպանման խնդիրները, այդ թվում՝ դեմենցիայի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և արդյունավետ կառավարումը, դառնում են հանրային առողջապահության կարևորագույն առաջնահերթություններից մեկը նաև մեր երկրի համար։
ԱՀ-ի զարգացման ռիսկի գործոնները բաժանվում են անկառավարելի և կառավարելի խմբերի։ Անկառավարելի գործոններից են տարիքը, սեռը, գենետիկական նախատրամադրվածությունը, որոշ գենային մուտացիաները և Դաունի համախտանիշը։
Տարիքի հետ հիվանդության հաճախականությունը զգալիորեն աճում է՝ 80 տարեկանից բարձր անձանց շրջանում հասնելով յուրաքանչյուր հինգերորդին։ Կանայք կազմում են դեպքերի մոտ երկու երրորդը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց շրջանում Ալցհեյմերի հիվանդությունը հանդիպում է մոտ 23%-ի դեպքում, իսկ կլինիկական դրսևորման միջին տարիքը կազմում է շուրջ 54.5 տարի։
Կառավարելի գործոնների ազդեցությունը նույնպես նշանակալի է։ The Lancet Commission-ի 2024 թվականի տվյալներով՝ դրանց վերացումը կարող է կանխել ԱՀ-ի մինչև 40%-ը։ Այդ գործոնների շարքում են կրթության ցածր մակարդակը, ֆիզիկական անբավարար ակտիվությունը, ծխախոտի օգտագործումը, դեպրեսիան, սոցիալական մեկուսացումը, լսողության և տեսողության խանգարումները, գլխուղեղային վնասվածքները, ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը, ինչպես նաև սիրտանոթային և նյութափոխանակային խանգարումները՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ և ճարպակալում։ Օդի աղտոտվածությունը նույնպես համարվում է նշանակալի ռիսկի գործոն։
Վաղ ախտորոշումը առանցքային նշանակություն ունի հիվանդության կառավարման մեջ, քանի որ հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժական և ոչ դեղորայքային միջամտություններ, ինչպես նաև նախապատրաստել հիվանդին և նրա ընտանիքին առաջիկա փոփոխություններին։ Ներկայում արյան բիոմարկերների և նեյրոպատկերավորման ժամանակակից մեթոդների շնորհիվ հնարավոր է հիվանդության հայտնաբերում նույնիսկ կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց 8–17 տարի առաջ։ Կոգնիտիվ թեստավորման միջոցով ճանաչողական փոփոխությունները կարող են արձանագրվել մինչև կլինիկական ախտանիշների դրսևորումը՝ մոտավորապես 8 տարի առաջ։
Գիտական տվյալները վկայում են, որ մտավոր ակտիվությունը, սոցիալական ներգրավվածությունը, առողջ սննդակարգը, քնի որակի կարգավորումը և զարկերակային ճնշման վերահսկումը նպաստում են կոգնիտիվ ռեզերվի ձևավորմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում օգնում է ուղեղին դիմակայել պաթոլոգիական փոփոխություններին։

