Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:

Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են , չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:

Բայց սա դեռ ամենը չէ. Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։

Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից: