Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով։ Նրան տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։ Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։

Նշենք, որ Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։

Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։

Ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակից առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում այցելել են Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, դեռ քնած են եղել։ Կինը` Անահիտ Ադամյանը հայտնել է, որ բնակարանում որևէ ապօրինի իր չի հայտնաբերվել, սակայն հեռախոսն առգրավվել է։