Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ առաջին կանգառը կատարելով Արաբական Միացյալ Էմիրություններում։
Աբու Դաբում վայրէջքից հետո Ռուբիոյին հարց են ուղղել Իրանի հետ կնքված համաձայնության հետ կապված դաշնակիցների անհանգստության մասին։
«Դրան, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի քննարկումներում», – ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ կքննարկվեն նաև հարցեր, որոնք ներառված չեն փոխըմբռնման հուշագրում։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պարսից ծոցում ԱՄՆ որոշ դաշնակիցներ Թեհրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած համաձայնությունը, որը ներառում է նաև Իրանին վերակառուցման համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամի հասանելիություն, դիտարկում են որպես շատ մեծ զիջում։ Երկրներն անհանգստանում են, որ Իրանն այդ գումարը կարող է օգտագործել իր ռազմական հզորությունը վերակառուցելու համար։ Բացի այդ, համաձայնությունը չի հասցեագրում Իրանի բալիստիկ հրթիռների կարողությունների հարցը, ինչն, ըստ գործակալության, մտահոգության տեղիք է տալիս Պարսից ծոցի երկրների համար։
Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Մարկո Ռուբիոն հայտարարել է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման անթույլատրելիության մասին։
«Դա միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի չի թույլատրվում միջազգային ջրային ուղում տուրքեր կամ վճարներ գանձել։ Դա է գործող միջազգային օրենքը։ Կարծում եմ՝ մենք ոչ ոքի չպետք է այս հարցում համոզենք։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կհամաձայնեն մեզ հետ», – ասել է նա ԱՄԷ ժամանելուն պես։
ԱՄԷ-ից հետո Ռուբիոն կայցելի Քուվեյթ և Բահրեյն։

