Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը

Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ նիստը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

Հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգային հարցերի թվում էին ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։

Էդգար Զաքարյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ սահմանային ենթակառուցվածքների վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ խթան կհանդիսանան փոխադարձ առևտրաշրջանառության աճի համար։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հայկ Նազարյանը: