Այգիների մասով վնասը 100%-անոց է, ոչինչ չկա․ Ջուջևանի վարչական ղեկավարը կարկտահարության մասին
Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ի կարկտահարությանն ու վնասներին:
«Կարկուտի նման չէր, ոնց-որ սառույցի կտորներ լիներ, դրա համար էլ տված հարվածները շատ ուժգին է եղել, վնասի չափը մեծ եղել: Այգիների մասով վնասը 100%-անոց է, ոչինչ չկա, գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, ու ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ, ձմռանը անասուններին կերակրելու խնդիր է առաջանելու: Մեզ մարզպետարանից և Նոյեմբերյանի համայնքապետարանից գյուղատնտեսության մասով փոխհատուցման մասին որևէ բան դեռ չեն ասել, շարժական և անշարժ գույքի մասով են ասել»,- նշել է Պետրոսյանը:
Ըստ Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի՝ համայնքում անշարժ և շարժական գույքի վնասներ չեն գրանցվել:
«2011 թվականին այստեղ ավելի ուժեղ կարկուտ էր եկել ու տանիքները փչացրել էր, մարդիկ էլ նոր թիթեղյա տանիքներ էին գցել, իսկ շարժական գույքի մասով կարող եմ ասել, որ 1-2 մեքենա է վնասվել: Այս պահին տրանսպորտային միջոցի վնասված լինելու մասին մեզ դեռ 2 հոգի են տեղյակ պահել»,- ասել է Պետրոսյանը:
Նշենք, որ այժմ տեղի բնակիչները կրած վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ են ներկայացնում համայնքապետարան:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ էին գրանցվել, առավել տուժել էին Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը:

