Փամբակ գետում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել Փրկարար ծառայության 180, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Ականատեսների պատմելով՝ երեխանեը փորձել են թաղամասով անցնող գետի վրա տեղակայված խողովակի վրայով անցնել ավելի կարճ ճանապարհ ունենալու համար, սակայն քույրերից փոքրը սայթաքել է, ընկել վարարած գետը. նրան օգնել փորձող 13-ամյա քույրը ևս ընկել է ջուրը:
Փամբակ գետն ընկած երկու քույրերի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

