Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN

ԱՄՆ ռազմական գերատեսչության ծախսերը Իրանի դեմ գործողության համար կազմել են մոտավորապես 40 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակման պատրաստվող զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս գումարը ներառում է օգտագործված զինամթերքի, ոչնչացված տեխնիկայի և ամերիկյան բազաներին հասցված վնասի արժեքը, սակայն չի ներառում գործառնական ծախսերը, որոնք արդեն ներառված էին Պենտագոնի 2026 ֆինանսական տարվա բյուջեում, հեռուստաընկերությանը հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Քենսիանը։

Փորձագետը նշել է, որ ռազմական գերատեսչության համար ծախսերի ամենալուրջ հոդվածը դարձել է զինամթերքը, որին բաժին է ընկել 26 միլիարդ դոլար։ Դա պայմանավորված է նրանով, որ ամերիկացի զինվորականներն օգտագործել են մեծ թվով հեռահար, բարձրտեխնոլոգիական, թանկարժեք սպառազինություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ը սպառել է մոտ հազար Tomahawk հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիոն դոլար, հավելել է նա։

Ըստ CSIS-ի գնահատման՝ ռազմական գործողությունների առաջին 100 ժամն ԱՄՆ-ի վրա արժեցել է 3,7 միլիարդ դոլար, իսկ հակամարտության ընթացքում պատերազմի օրական արժեքը նվազել է հարվածների հաճախականության կրճատման հաշվին։

Հունիսի 18-ին The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի կապակցությամբ իրեն անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։