Առաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային Կոնգրես
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։
- Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ։
- Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
- Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով և քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին ևս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումներ ու հակակշիռների համակարգը։
- Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում և Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետև իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն՝ է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։
Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձևավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում և ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը և վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների և զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։
Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ։
Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն հետևյալ նպատակներով և ուղղություններով։
- Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7֊ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների և դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։
- Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։
- Դիմակայել կեղծիքներով և բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որևէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3֊րդ շեմը։
- Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին, և, մյուս կողմից, կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ֊ի և հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից, այսպիսով վերականգնելով ժողովրդավարության և քաղաքացիալական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։

