Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արմեն Պապյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ Ուռուտ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  • պանրի աղաջրային վաննան կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութից, չի պահվել բարվոք վիճակում, ենթարկված է եղել քայքայման (կոռոզիայի),
  • պանրի պատրաստման համար նախատեսված վաննայի շրջակայքի մետաղական հատակը ենթարկված է եղել քայքայամաշման,
  • արտադրական շինության պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերևույթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրական շինության առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պանրի («Լոռի», «Չանախ») արտադրամասի արտադրական գործունեությունը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: