Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Կիևը և Մոսկվան հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը հունիսի 12-ի գիշերը հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Նիկոլաևի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
«Փրկարարները մարել են Բորիսպոլի շրջանում ենթակառուցվածքային օբյեկտի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 2000 քառակուսի մետր տարածքի վրա տարածված հրդեհը», – նշվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնել է, որ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում հարված է հասցվել «Տանեկո» և «Տաիֆ-ՆԿ» նավթավերամշակման գործարաններին։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 12-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի երկնքում խոցել են 231 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն իր Telegram ալիքում հայտնել է հունիսի 12-ի առավոտյան զանգվածային հարձակման մասին՝ հավելելով, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնք բժշկական օգնություն են ստանում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 14 ԱԹՍ։ Նա հավելել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ռոստովի մարզի նահանգապետը հայտնել է, որ հինգ շրջաններում «ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է խոցվել». ներկայում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան իր հերթին հայտարարել է, որ հունիսի 11-ի երեկոյան և հունիսի 12-ի գիշերը մարզում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։

