Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): 

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- նշում են ՔԿ-ից։ 

Նշենք՝ մամուլում տարածված լուրերի համաձայն, Ա.Ղ.-ն քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է, Տ.Վ.-ն՝ ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։