Առաջին վերադարձողները հենց մեր ադրբեջանցի սիսիանցի եղբայրներն ու քույրերն են լինելու
17 հոկտեմբերի 2024 թվական՝ Ամասիայից Ջաֆարովների, 23 նոյեմբերի 2024 թական՝ Երևանից Հուսեյնովների, 23 դեկտեմբերի 2024 թվական՝ Ղափանից Մուրադովների, 27 հունվարի 2025 թվական՝ Մեղրիի Նյուվադի գյուղից Մուսաևների, 26 փետրվարի 2025 թվական՝ Սիսիանի Շաքի գյուղից Բայրամովների, 29 մարտի 2025 թվականի՝ Ղափանի Բահարլու գյուղից Մուսատաֆաևների, 27 ապրիլի 2025 թվական՝ Երևանից Նաջաֆովների, 31 մայիսի 2025 թվականի՝ Սիսիանի Շաքի գյուղից Նովրուզովների, 28 հունիսի 2025 թվական՝ Սիսիանի Աղուդի գյուղից Մահմուդովների, 27 սեպտեմբերի 2025 թվական՝ Ամասիայի շրջանից Հուսեյնովների, 26 հոկտեմբերի 2025 թվական՝ Սիսիանի Շաքի գյուղից Նամազովների, 23 նոյեմբերի 2025 թվական՝ Սիսիանի Շաքի գյուղից Օրուջովների, 28 դեկտեմբերի 2025 թվական՝ Ամասիայի շրջանից Մամադովների, 25 հունվարի 2026 թվական՝ Սիսիանի շրջանի Աղուդի գյուղից Մուրադզադեների, 27 փետրվարի 2026 թվական՝ Սիսիանի շրջանի Շաքի գյուղից Հազիևների, 31 մարտի 2026 թվական՝ Սիսիանի շրջանի Շաքի գյուղից Բաբաևների, 24 ապրիլի 2026 թվականի՝ Սիսիանի Ուռուտ գյուղից Ղուրբանովների․․․Մայիս ամսին Նիկոլ Փաշինյանի ընտրություններն էին և, բնականաբար, բարեկամ թեկնածուին անհարմար դրության մեջ կդնեին, եթե հերթական ֆիլմը եթեր հեռարձակվեր։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը եթեր են հեռարձակվել 17 ֆիլմ Արևմտյան Ադրբեջանից տեղահանության զոհ դարձած ադրբեջանական ընտանիքների մասին։ Ֆիլմերը չեմ վերապատմի, խորհուրդ կտամ դիտել, եթե իսկապես ուզում եք հասկանալ․․․Ֆիլմերի մեծ մասում պատմվում է 44-օրյա պատերազմում թշնամուն, այսինքն՝ մեզ ոչնչացնելու, այդ պատերազմում շահիդներ դարձած արևմտյան ադրբեջանցիների սերունդների, հայրենիքն ազատագրելու, Զանգեզուրի միջանցքի շինարարության, Հաղթանակի պարկի, Ղուբայում հայկական դաշնակցական զորքերի կողմից ադրբեջանցիների ջարդերի, Արևմտյան Ադրբեջանից ադրբեջանցիների տեղահանության պատմությունը առանձին ընտանիքների հիշողություներով․․․
Կարող եմ ուրախացնել իմ հայրենակից սիսիանցիներին, 17 ֆիլմերից 9 իրենց նախկին և, ամենայն հավանականությամբ, արդեն տեսանելի ապագայում համերկրացի ադրբեջանցիների մասին է։ Մոռացա նշեմ, վերջին 11 ֆիլմերից 8-ը ադրբեջանցի սիսիանցիների, կներեք, ղարաքիլիսեցիների մասին է։
Երեկ, հատկապես, ադրբեջանցի սիսիանցիների համայնքում իսկական մի տոնախմբություն էր, տպավորություն էր, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն ավարտվել է և ավարտվել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակով։ Պարզվեց սխալվում եմ, ավելի լուրջ պատճառ կար՝ Նիկոլ Փաշինյանի բացարձակ հաղթանակը դեռևս Սիսիան համայնքում։ Ու չնայած տհաճ էր շատ այդ ամենը, որոշեցի, այնուամենայնիվ, հասկանալ այդ ուրախության պատճառը։ Մեկնաբանությունների մեծ մասում աչքալուսանքներ էին, որ վերջապես իրենց հարցի լուծման ուղղությամբ գործնական քայլեր են լինելու։ Խոսում էին Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին, որտեղ Ադրբեջանի մեծագույն առաջնորդը պահանջելու է պայմաններ ապահովել իրենց վերադարձի համար։ Ադրբեջանցի սիսիանցիները անընդհատ կրկնում էին, որ Ալիևը երբեք չի մոռացել որ ինքը սիսիանցի է, որ Սիսիանն իր հայրենիքն է, հիշում էին, որ 2021 թվականին հեռուստատեսությամբ է հայտարարել, որ ինքը հայրենազրկված ընտանիքից է, պատմել, որ իր պապը Ղարաքիլիսայից է, կներեք, այսօրվա Սիսիանի մասին է խոսքը․․․Սկզբից կարծում էի, որ Ալիևի սիսիանցի լինելու հանգամանքն է միայն պատճառը, որ մեկնաբանություններում անընդհատ կրկնվում է նրա ծագման աշխարհագրությունը, բայց հետո ի զարմանս ինձ պարզվեց, որ կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք։ Խոսում էին, որ ամենաբարձր մակարդակով որոշված է՝ ադրբեջանցի սիսիանցիներն առաջին են վերադառնալու իրենց պատմական հայրենիք, որ Ալիևի համար այդ պատվի հարց է․․․
Խոստովանեմ, որ հաճախ եմ նման քննարկումները կարդում, բայց այս մեկը առանձնահատուկ էր։
Շտապեմ ուրախացնել իմ հայրենակից սիսիանցիներին, քանի որ պաշտոնապես հաստատվել է արդեն, որ առաջիկա հանդիպման ժամանակ Ալիևը Փաշինյանի հետ քննարկելու է տեղահանված արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը։ Համարյա կասկած չունեմ, որ առաջին վերադարձողները հենց մեր ադրբեջանցի սիսիանցի եղբայրներն ու քույրերն են լինելու, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեներ ապահովելու համար կաշվից դուրս եկած տեղական իշխանիկներին ու նիկոլահպատակ սիսիանցիներին։
Իսկ վերջում կտեղադրեմ ֆիլմերի լինքը, կարող եք գտնել Յութուբում ու վայելել, խորհուրդ եմ տալիս նաև ադրբեջաներեն սովորել, հայերենով Ղուրանը կարդալը ու անգիր անելը անհարմար է ու դժվար է շատ։
Ֆիլմերի շարքը կոչվում է «Mənim ailəm»՝ «Իմ ընտանիքը»։
Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը

