Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպում

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի 10-րդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է «Ստամբուլի հռչակագիր»-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Փաստաթղթով նախարարները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Հատուկ ընդգծվել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը։

Շեշտվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և «Հարավային գազային միջանցքի» ռազմավարական դերը: Կողմերը կարևորել են «Արևելք-Արևմուտք» (Միջին միջանցք) տրանսպորտային նախագիծն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման աշխատանքների ավարտը:

Հռչակագրում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ պայքար մղել ահաբեկչության, կիբերհարձակումների, հիբրիդային սպառնալիքների և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ։

Կողմերը պայմանավորվել են խորացնել առևտրատնտեսական կապերը, խթանել փոխադարձ ներդրումներն ու աջակցել կանաչ էներգիայի անցման նախագծերին: Հաջորդ՝ 11-րդ, եռակողմ հանդիպումը որոշվել է անցկացնել 2027-ին, Վրաստանում։