ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՌԴ վերադառնալիս «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

ՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

«Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։

Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի ուշ, պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։

Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։

Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։

Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։ 

Հիշեցնենք՝ այս գիշեր քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ահազանգել էր. «Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։

Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։

Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։

Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։

Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն»։