Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ, ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների, Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց, երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի իրականացմանը:

«Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Տոկաևը

Վերջում նա ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն: