Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։

Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
-ճանապարհային երթևեկության կանոնները
-ճանապարհային նշանները և գծանշումները
-լուսացույցի և կարգավորողի ազդանշանները
-հետիոտնի և ուղևորի վարքականոնները
-ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները
-վարորդական գործնական հմտություններ և այլն:

Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:

Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը։