ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց
Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Քեշմ կղզու վրայով անցնող ցամաքային կառավարման կետին՝ Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսումից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«ԱՄՆ ԶՈւ-ն հաջողությամբ խոցել է մի քանի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնապաշտպանության նպատակով հարված է հասցրել՝ ի պատասխան հունիսի 2-ին Մերձավոր Արևելքում Իրանի հարձակումների», – ասված է հրամանատարության հրապարակած հաղորդագրության մեջ:
CENTCOM-ի պնդմամբ՝ Իրանն արձակել է հինգ հրթիռ, որոնցից ոչ մեկը չի հասել թիրախին, բացի այդ, ամերիկացի զինվորականները խոցել են երեք անօդաչու թռչող սարք:
«ԱՄՆ ԶՈւ-ն նաև ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնել Քեշմ կղզու ռազմական ցամաքային կառավարման կետին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի շտաբին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Քեշմ կղզում Իրանի ռազմական օբյեկտին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։
«Ագրեսիայի հերթական գործողության ընթացքում ամերիկյան թշնամին օդից գնդակոծել է Քեշմ կղզու հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող կապի աշտարակը։ Ի պատասխան այս ագրեսիայի՝ տարածաշրջանի երկրներից մեկում տեղակայված նրանց ավիաբազան և ուղղաթիռային հարթակը, ինչպես նաև ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի շտաբը ենթարկվել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին», – ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԻՀՊԿ-ն հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված նավի վրա՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մոտ իրանական նավթային տանկերին հասցված հարվածի։

