Սուրենյանցի կարևոր բացահայտումը. Փաշինյանի նոր սխալը, որը «կպայթեցնի» իշխանությունը (տեսանյութ)
Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը
Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար:
Փաշինյանն առանցքային երեք ուժերին միավորեց մեկ զամբյուղի մեջ՝ նրանց անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»: Եվ սա արեց՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երեք քաղաքական ուժերը խիստ տարբեր են՝ իրենց քաղաքական հետագծով, թիմերի ու ծրագրերի կառուցվածքով, խոսույթով, ծրագրերով:
Փաշինյանը չէր հաշվարկել, որ սեփական գահավիժող վարկանիշի համատեքստում՝ նպաստում է ընդդիմադիր էլեկտորատների սրընթաց բյուեղացմանը, կոնսոլիդացիային: Երբ սա կայացավ, սոցիոլոգիայի դասական կանոնների համաձայն, չկողմնորոշված, ապաքաղաքական ընտրողները թեքվեցին դեպի ուժի նոր կենտրոնը՝ ընդդիմությունը:
Փաշինյանն՝ իր սխալով, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր իրավիճակ, որը հունիսի 7-ին անխուսափելի է դարձնում իշխանափոխությունը:
Փաշինյանը դեռ չէր «մարսել» առաջին սխալը, երբ նրան հորդորում են անել երկրորդը՝ ճակատագրական սխալների շարքը դարձնելով անշրջելի:
Հիմա իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին
Այս սցենարը գուցե «աշխատեր» քարոզարշավի մեկնարկին, երբ ընդդիմադիր էլեկտորատը դեռ կոնսոլիդացված ու մոտիվացված չէր:
Հիմա ուշ է:
Եթե «խաղից դուրս» թողնվի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, չեն կարող «փոշինալ» ընդդիմադիր առաջատար ուժի ձայները, ընդամենն այդ ձայները փոխանցվելու են մյուս երեք ընդդիմադիր ազդեցիկ ուժերին և երկրում ստեղծվելու է հեղափոխական վիճակ:
Եթե որոշում կայացվի «Հայաստան» դաշինքին ընտրապայքաիրից դուրս թողնելու որոշում, Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, որը ամենաքաղաքականն ու մոտիվացվածն է, տանը չի նստելու և անմիջապես կողմնորոշվելու է դեպի ընդդիմադիր հիմնական ուժերը:
ԲՀԿ-ն արդեն ունի ընտրողների մոտիվացված և էներգետիկայով հարուստ բանակ՝ ընդգծված խարիզմատիկ լիդերով, ու հաստատապես նրան ընտրապայքարից «դուրս թողնելու» պարագայում՝ Փաշինյանը չեզոքացնելու է այս կամպանիայի կայունացնող գործոնը ու իր անխուսափելի հեռացումն ուղեկցելու է ցնցումներով:
ԲՀԿ ընտրազանգվածը մեկ կոչով իր ձայները տալու է ընդդիմադիր երկու-երեք ուժի, ինչի արդյունքում Փաշինյանը նոր խորհրդարանում ստանալու է ընդդիմադիր երեք ուժերից կազմված մեծամասնություն(«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և այս պարագայում, վստահաբար՝ Թաթոյանի ֆրակցիա), հեռացվելու է իշխանությունից, սակայն ավելի վատ սցենարով, քանի որ չի լինելու ԲՀԿ կայունացնող գործոնը:
Մի խոսքով, Փաշինյանին հրամցված սցենարը և հնարավոր երկրորդ ճակատագրական սխալը պարտված խաղ է նրա համար: Պարտությանը գումարվելու է նաև ընտրությունները «հարամելու» պատասխանատվությունը, ինչն ավելի է բարդացնելու պարտվող իշխանության վիճակը:
Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու:
Իսկ եթե Փաշինյանը կոպտագույն «հարամություններով» մնա իշխանության, դա լինելու է խիստ կարճատև և իշխանության համար վտանգավոր ու անկանխատեսելի սցենարներով:
Սուրեն Սուրենյանց

