Չինաստանը կշարունակի աջակցել Կուբայի ինքնիշխանությանն ու անվտանգnւթյանը. ՉԺՀ ԱԳՆ

Չինական կողմը կտրականապես դեմ է մտացածին դրդապատճառներով Կուբայի պետական ինքնիշխանության ոտնահարման ցանկացած փորձի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման օգտին, ինչպես նաև դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին: Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային՝ իր ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում»,- ընդգծել է դիվանագետը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Պեկինը չի ընդունում միջամտությունը այլ պետությունների ներքին գործերին: Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցները պարտավոր են խստորեն պահպանել ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունն ավարտին հասցնելուց հետո, ցանկանում է անցնել Կուբային: