Արևմուտքը ԱՊՀ-ում թվային գործիքներ է ներդնում՝ բնակչության տրամադրության և վարքագծի վրա ազդելու. ՌԴ ԱԴԾ

Արևմտյան հետախուզությունը «գունավոր հեղափոխության» սցենարներ իրականացնելու նպատակով ԱՊՀ-ի ներսում հասարակական տրամադրությունների և վարքագծի վրա ազդելու համար գործիքներ է ներդնում։ Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում։

«Փաստորեն, խոսքը այս կամ այն երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով ԱՊՀ-ում քաղաքացիների տրամադրության և վարքագծի վրա մանիպուլյացիոն ձևով ազդելու գործիքներ ներդնելու մասին է։ Դա արվում է, այդ թվում նաև, «գունավոր հեղափոխության» ադապտիվ սցենարներ իրականացնելու նպատակով», – ասել է Բորտնիկովը։

Բորտնիկովի խոսքով` արևմտյան հետախուզական համայնքն է կանգնած ԱՊՀ-ում «թվային» լաբորատորիաների ցանց ստեղծելու ծրագրերի հետևում։ Լաբորատորիաների խնդիրը արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների օգնությամբ՝ բնակչության վարքագծի բնորոշ պրոֆիլների հավաքագրումն ու ուսումնասիրությունն է, հասարակության մեջ «լարված կետերի» բացահայտումը, ինչպես նաև տարբեր արտաքին գործոնների, այդ թվում՝ իշխանության գործողությունների նկատմամբ սոցիալական արձագանքների մոդելավորումը։