Եվրոպական երկրները պահանջում են խստորեն պատժել Իսրայելի ազգային անվտանգության նախարարին
Եվրոպական մի շարք երկրներ իրենց բողոքն են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գործողությունների առնչությամբ՝ ընդհուպ պահանջելով նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։
Պատճառը Գազային օգնություն տանող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութի հրապարակումն է նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը մի ակտիվիստի գետնին գցում ձեռքերը կապած, իսկ տասնյակ այլ կալանավորներ ծնկի իջած են՝ դեմքով դեպի հատակը։ Հետին պլանում հնչում է Իսրայելի ազգային օրհներգը, իսկ իր հրապարակման մակագրության մեջ Բեն-Գվիրը ակտիվիստներին անվանել է «ահաբեկչության կողմնակիցներ»։
Ընդ որում, ակտիվիստները տարբեր եվրոպական երկրների քաղաքացիներ են։
Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելին։ «Իսրայելի ազգային անվտանգության նախարարի վարքագիծը «Գլոբալ Սումուդ նավատորմ»-ին մասնակցող քաղաքացիների նկատմամբ անընդունելի է և արժանի է ամենախիստ դատապարտման: Արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսի հանձնարարությամբ Իսրայելին բողոք է ներկայացվել այս միջադեպի առնչությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև պահանջել է «լիակատար հարգանք միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ» և կոչ է արել Իսրայելի իշխանություններին «հնարավորինս շուտ ավարտել բոլոր ընթացակարգերը և անհապաղ ազատ արձակել հույն քաղաքացիներին»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը միջադեպի առնչությամբ առաջարկել է ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանել իսրայելցի նախարարի դեմ։ «Մենք չենք հանդուրժի մեր քաղաքացիների նկատմամբ որևէ մեկի վատ վերաբերմունքը։ Սեպտեմբերին ես հայտարարեցի, որ արգելվում է Իսրայելի կառավարության այս անդամի մուտքը մեր երկիր։ Հիմա մենք Բրյուսելում կպնդենք, որ այս պատժամիջոցները շտապ բարձրացվեն համաեվրոպական մակարդակի», – գրել է Իսպանիայի վարչապետը X-ում:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսին ևս Իսրայելի ազգային անվտանգության նախարարին պատժելու կոչ է արել։ «Դուք իրավունք չունեք այսպես վարվել ոչ մի հանցագործություն չգործած լեհ քաղաքացիների հետ։ Դեմոկրատական աշխարհում կալանավորներին ծաղրելն ու դրանով հպարտանալն ընդունելի չէ։ Մենք պահանջում ենք արդարություն մեր քաղաքացիների համար և պատիժ ձեզ համար», – գրել է Սիկորսկին X-ում։
Ավելի վաղ միջադեպի առնչությամբ իրենց դժգոհությունն էին հայտնել նաև Իտալիայի ԱԳՆ-ն և վարչապետ Ջորջա Մելոնին։ Այս հարցով Իսրայելի դեսպանը կանչվել էր Իտալիայի ԱԳՆ։
Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ վերջին «Սումուդ» նավատորմի բոլոր նավերը կալանավորվել են, և ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։

