Կոչ եմ անում չկորցնել հավատը, շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են ագրեսիայով ու ճնշումներով։ Բայց մարդիկ այլևս չեն ուզում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հետապնդում չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը։
Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։ Շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Մեր նպատակը հայ մարդու արժանապատվության, պետության նկատմամբ վստահության և ազգային միասնության վերականգնումն է»։

