Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը Նյու Դելի է մեկնել ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, հանդիպում է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Արաղչին անդրադարձել է Թեհրանի և Նյու Դելիի միջև պատմական և բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ներկայացրել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ վերջին զարգացումները։

Իր հերթին Մոդին ընդգծել է երկկողմ հարաբերությունների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևորությունը։

Նա հայտարարել է նաև տարածաշրջանում անվտանգության հաստատմանը նպաստելու Հնդկաստանի պատրաստակամության մասին։

ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ են անցկացնում Նյու Դելիում։