Մուստաֆաևի հետ հանդիպմանը մասնակցել է Խաչատուր Սուքիասյանի «Ran Oil»-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը․ 24News
Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քիչ առաջ դուրս եկավ Աղվերանի Apricot հյուրանոցից, կադրերը ֆիքսել է 24News-ի նկարահանող խումբը։
Շարասյան մեջ նկատվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Խոսքը «Mercedes» մակնիշի «S» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայի մասին է՝ 015 MT 01 համարանիշներով։
24News-ը կապ հաստատեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակի հետ՝ հասկանալու, թե արդյոք Սուքիասյանը հանդիպե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետին։ Խոսնակը հերքեց, նշելով, որ Սուքիասյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։
24News-ը պարզեց, որ վերը նշված պետհամարանիշով մեքենան տնօրինում է «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ին։ Նշված ՍՊԸ-ն մամուլում շրջանառվող բազմաթիվ տեղեկատվությունների համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունից է։
Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը 24News-ի հետ զրույցում հավելեց, որ վերջինս չի մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը: Սակայն նշեց, որ մասնակցել է «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը:

