Ե՞րբ Հայաստան կհասնի հեղուկ գազը. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանում հեղուկ գազի մատակարարման շուրջ իրավիճակի վերաբերյալ՝ ներկայացնելով քաղաքացիներին առավել շատ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հարց Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։

Պատասխան Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Հարց Ի՞նչ է անում Կառավարությունը։

ՊատասխանՊատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Հարց Գների բարձրացման ռի՞սկ կա։

Պատասխան Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

Հարց Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։

Պատասխան Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։