Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հովհաննիսյանն առանձնահատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության ու գործընկերության կարևորությունը, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել շարունակական աջակցության համար՝ ուղղված ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Հայաստանում ՎԶԵԲ գործող ծրագրերի առաջընթացը, այնպես էլ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները, ներառյալ՝ ջրամբարաշինության և երկրորդային քաղաքների զարգացման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ս.թ. հունիսի 5-7-ը Ռիգայում (Լատվիա) կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը և դրա շրջանակներում նախատեսվող նիստին, որը նվիրված է Հայաստանի ներդրումային հեռանկարներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը և զարգացման ռազմավարական օրակարգի հետևողական առաջմղմանը: