Նիկոլ Փաշինյանը բողոքարկել է «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին ատյանի որոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի գործով հայցադիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։ Վերաքննիչ հայցի ներկայացման հիմքում առաջին ատյանի դատարանի կողմից Փաշինյանի հայցի մասնակի բավարարումն է։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։

Նիկոլ Փաշինյանը հայցադիմում էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով նյութի հրապարակման համար։ Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԶԼՄ-ին հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 1000000 դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս: