ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 368 միլիարդ դոլար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 368 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

«Մեր փոխգործակցության բարձր մակարդակի մասին են վկայում թվերը։ Վերջին 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ պետությունների և ՇՀԿ երկրների միջև ապրանքաշրջանառությունը քառապատկվել է։ 2025 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 368 միլիարդ դոլար։ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների բաժինն արտաքին առևտրաշրջանառության մեջ հասել է 50%-ի», – ասել է Սագինտաևը, որի խոսքը բերված է ԵԱՏՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը ներկայում պատրաստում են համատեղ միջոցառումների նոր պլանի  նախագիծ՝ 2021 թվականին ԵԱՏՀ-ի և ՇՀԿ-ի քարտուղարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում: Փաստաթուղթը սահմանում է համակարգային համագործակցության խնդիրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

«Համատեղ միջոցառումների պլանի ստորագրումը կնշանակի անցում գործընկերության որակապես նոր մակարդակի: Մենք կկարողանանք շրջանակային փոխգործակցությունից անցնել կոնկրետ նախաձեռնությունների գործնական իրականացմանը», – ասել է ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարը։

Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի ջանքերի հետագա կապակցումը կդառնա միավորումների պետությունների փոխադարձ վստահության և տնտեսական աճի ամրապնդման կարևոր գործոն, նշվում է հաղորդագրության մեջ: