Այո, իմ հրահանգով է դիմում գրել, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում․ Փաշինյանը Էդիտա Գզոյանի մասին
Այսօրվա ասուլիսում Փաշինյանը հաստատեց՝ իր հրահանգով են պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Փաշինյանը նաեւ հաստատեց տեղեկությունները, որ Գզոյանին աշխատանքից ազատել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով։ «Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը։ Եվ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն՝ մենք պետությո՞ւն ենք, թե ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս՝ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ որեւէ բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը, ես կառավարության ղեկավարն եմ»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե Էդիտա Գզոյանը հեռացվել է հենց ի՞ր ցուցումով, քանի որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք է նվիրել, Փաշինյանը պատասխանեց․ «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ գնա»։

