Կասեցվել է «Կարաս»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք Երևան, Գ Նժդեհ 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Այսպես՝

— սննդի կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից,

— առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել են ոչ նորոգ վիճակում, չեն ախտահանվել և մաքրվել, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։