ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայության վերաբերյալ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրան կողմ քվեարկեց 68, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 17 պատգամավոր։ Այն խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնված քննությունների արդյունքներով։ Իր եզրափակիչ ելույթում Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօր ամենաերաշխավորված մասնագիտությունը զինվորական մասնագիտությունն է և կոչ էր արել երիտասարդներին ու նրանց ծնողներին կողմնորոշվել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր դերի ու պաշտոնի: