Մանկական սննդի համաեվրոպական հետկանչից հետո ռիսկը գնահատվում է ցածր
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի և սննդի անվտանգության եվրոպական վարչության կողմից հրապարակված համատեղ գնահատման համաձայն՝ մանկական կաթնախառնուրդը համաեվրոպական մակարդակով հետ կանչելուց հետո անորակ արտադրանքի հայտնվելու և դրա ազդեցության ռիսկն այժմ ցածր է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Առողջության վրա հնարավոր ազդեցությունը գնահատվում է ցածրից մինչև միջին՝ կախված երեխաների տարիքից։ Տուժած երեխաների մեծ մասը ունեցել է թույլ աղեստամոքսային ախտանիշներ և հետագայում ապաքինվել է։ Այնուամենայնիվ, որոշները հոսպիտալացվել են ջրազրկման պատճառով, ինչը հատկապես խոցելի է վեց ամսականից փոքր նորածինների համար։
Այդուհանդերձ նման դեպքերի հետաքննությունը և դրանց միջև կապերի հաստատումը դժվար է՝ հսկողության համակարգի սահմանափակումների և կղանքի նմուշներում ցերուլիդային տոքսինի առկայության ստուգման սահմանափակ հնարավորության պատճառով։
Մասնագետները նաև նշել են, որ ցերուլիդային թունավորման ախտանիշները, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը և լուծը, շատ նման են ձմռանը Եվրոպայում լայնորեն տարածված վիրուսային աղեստամոքսային վարակների ախտանիշներին։
Թունավորման առաջին դեպքերը գրանցվել են 2025 թվականի դեկտեմբերին և շարունակվել մինչև 2026 թվականի փետրվարի կեսը։ Թունավորման դեպքերի մասին ահազանգել են Ավստրիան, Իսպանիան, Բելգիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Լյուքսեմբուրգը։

